ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մթերող կազմակերպություններին պարտադրելու ենք, որ գյուղացու բերքն ընդունեն»

«Մթերող կազմակերպություններին պարտադրելու ենք, որ գյուղացու բերքն ընդունեն»
16.06.2009 | 00:00

«ՍԿՍԵՑԻ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՍԻՐԵԼ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Առաջիկա օրերին Արարատի մարզում շահագործման կհանձնվի «Արարատջուր» գործարանը, որտեղ այս ճգնաժամային պայմաններում նախատեսված է բացել մոտ 600 աշխատատեղ: Գործարանում կաշխատեն հիմնականում շրջակա գյուղերի բնակիչները` լուծելով իրենց զբաղվածության խնդիրը: Անցած մեկ տարում մարզում իրականացված ծրագրերը բազմաթիվ են. վերակառուցման աշխատանքներ են կատարվել մարզի մի շարք մանկապարտեզներում, դպրոցներում, բուժամբուլատորիաներում: Լանջազատում կառուցվում է հանրապետությունում մեծությամբ աննախադեպ մարզահամալիր: Անցած մեկ տարում մարզում շահագործման է հանձնվել տասը բնակելի տուն` վիրավոր և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար: Խմելու ջրի կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով այստեղ աշխատանքներ են տարվում ջրագծերի անցկացման ուղղությամբ: Ոռոգման սեզոնում Սևանա լճի հոգսը թեթևացնելու նպատակով կառուցվում է նոր ջրամբար: Տասներկու համայնքներում ջրագծերի և ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սահմանամերձ գյուղերին, քանի որ դրանք համարվում են նաև սահմանապահ բնակավայրեր: Մարզն ամբողջությամբ, բացառությամբ մեկ-երկու գյուղերի, գազիֆիկացվել է: Եվ այս ամենը` առաջին հերթին Արարատի մարզպետարանի, անձամբ մարզպետ ՎԱՐԴԳԵՍ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ անմիջական գլխավորությամբ ու հետևողական վերահսկողության ներքո: Սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անմիջական աջակցության, ինչպես նաև ռուսական սահմանապահ ջոկատի հետ աշխատանքն ամուր հիմքերի վրա դնելու համար Ռուսաստանի Դաշնության մեդալով պարգևատրվելը մարզպետի կատարած աշխատանքի գնահատականն է:
-Պարոն մարզպետ, լրանում է Ձեր պաշտոնավարման մեկ տարին: Ի՟նչ ձեռքբերումներ է ունեցել Արարատի մարզն այս մեկ տարվա ընթացքում:
-Պաշտոնավարման մեկ տարում ես ավելի շատ հնարավորություն ունեցա շփվելու մարդկանց հետ և սկսեցի ավելի շատ սիրել իմ ժողովրդին: Հասկացա, որ մենք այնպիսի ազգ ենք, որին ոչ ոք չի կարող խանգարել, որպեսզի նա ստեղծի ու արարի: Մարդկանց այսօր հետաքրքրում է միմիայն աշխատանքը, նրանք նույնիսկ չեն ցանկանում խառնվել քաղաքական որևէ անցուդարձի: Այս մեկ տարվա ընթացքում եղել եմ բոլոր համայնքներում, որոնց ղեկավարներին, գյուղացիներին լսելով` ցանկացել եմ իմանալ նրանց խնդիրները, ընդ որում, դրանք ամբողջ հանրապետությունում գրեթե միանման են: Անցյալ տարի մեզ հաջողվեց բյուջեն կատարել 106,7 տոկոսով: Սա հանրապետությունում առաջին ցուցանիշն էր, և հանրապետության նախագահը, վարչապետը, գնահատելով դա, մեր մարզում ավելի շատ ճանապարհաշինության, դպրոցաշինության խնդիրներ դրեցին: Մարզում պետք է վերանորոգվեր 18 դպրոց, բայց ոչ միայն մեր մարզը, հանրապետությունը, այլև ամբողջ աշխարհը պատուհասած ճգնաժամի պատճառով շինարարական աշխատանքները սառեցվեցին ու հետաձգվեցին մինչև 3-րդ, 4-րդ եռամսյակներ: Սա ինձ շատ է անհանգստացնում, բայց համոզված եմ, որ այն, ինչ ծրագրվել է, իրականություն կդառնա:
Մենք ամենօրյա կապի մեջ ենք մարզի բնակիչների հետ: Մարզպետարանում գործում է ընդունելության հատուկ կարգ. վարչությունների, բաժինների պետերն ընդունում, լսում և լուծում են մարդկանց բազմաթիվ խնդիրներ: Բայց մեր մենթալիտետն այնպիսին է, որ ցանկանում ենք, որ մեզ անմիջապես պատասխանի ղեկավարը, և ես դրանից չեմ դժգոհում: Աշխատում եմ համբերությամբ լսել: Ինձ անհանգստացնում են մարդկանց իրավունքների ոտնահարումները, և եթե նրանց հետ կապված որևէ օրենք է խախտվել, ես փորձում եմ արագ այդ հարցերը լուծել: Պարզ է` բոլոր պրոբլեմները լուծել հնարավոր չէ, բայց մեր իրավասությունների շրջանակներում կարողանում ենք օգտակար լինել:
-Պարոն Հովակիմյան, մոտենում է բերքի մթերման շրջանը: Այս հարցում ինչպե՟ս եք օգնելու գյուղացուն:
-Գարնանային աշխատանքները դեռ չսկսած` մարզպետարան հրավիրեցինք բոլոր մթերողներին և գյուղնախարարության պատասխանատուներին: Լսեցինք կողմերի հարցադրումները և պայմանավորվեցինք, որ սեփականատերերն անպայման պետք է մթերեն գյուղացու արտադրանքը: Սեփականատեր լինելը ոչինչ չի փոխում, նրանք այս հողի, ջրի համար են ստեղծվել և պետք է անպայման համագործակցեն գյուղացու հետ` չնեղացնելով նրան: Այլ խնդիր է գնային քաղաքականությունը, մենք չենք կարող թելադրել սեփականատիրոջը, հատկապես ճգնաժամային այս պայմաններում: Բայց նորից եմ կրկնում, ես լինելու եմ գյուղացու կողքին, բոլոր մթերող կազմակերպություններին պարտադրելու ենք, հարկ եղած դեպքում ստիպելու ենք, որ գյուղացու բերքն ընդունեն: Բոլոր մթերողներին խնդրել եմ, որ գյուղացիների հետ աշխատեն պայմանագրային սկզբունքով, որովհետև եթե կա պայմանագիր, ապա կա պարտավորություն, մինչդեռ պայմանագրի բացակայության պարագայում սեփականատերը կառաջնորդվի իր քմահաճույքով: Դրանից զերծ մնալու համար պետք է գրագետ գործենք: Այդ մասին պարբերաբար խորհրդակցում ենք հանրապետության նախագահի հետ. խնդիրը նաև նրա ուշադրության կենտրոնում է:
-Վերջերս ՀՀ վարչապետն անդրադարձավ համայնքային հողերի օտարմանը, նշելով, որ հաճախ այդ գործընթացն իրականացվում է ոչ նպատակային: Արարատի մարզում հողերի օտարման վերահսկողությունն ինչպե՟ս է կատարվում:
-Արարատը, գյուղատնտեսական մարզ լինելով, պահում է գրեթե ամբողջ Հայաստանը: Հետևաբար, անթույլատրելի է այդ հողերի նկատմամբ անխնա վերաբերմունք ունենալ: Մենք պետք է խնամքով և հոգածությամբ վերաբերվենք Արարատի մարզի հողերին:
Ինչ վերաբերում է հողերի օտարմանը, ապա դրանք էժան չեն վաճառվել: Վաճառվել են օրենքի սահմաններում, իսկ օրենքն ասում է, որ հողերը կարող են օտարվել կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով: Ոչ ոք 50 տոկոսից էժան չի օտարել: Մենք հասկանում ենք, որ այդ 50 տոկոսն էլ է քիչ: Տարբեր մարզերում եղել են դեպքեր, երբ կայացել են աճուրդներ, ձեռք են բերվել հողեր, և մեկ շաբաթ անց ավելի բարձր գնով դրանք վերավաճառվել են: Սա է խնդիրը: Կարծում եմ` այս առումով օրենքը պետք է խստացվի: Ես արգելել եմ Արարատի մարզում կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով հող օտարելը: Հողն ափսոս է: Որովհետև այն սահմանափակ է, ի վերջո, այս հողի համար էլ ենք արյուն թափել: Համայնքապետերը հասկացել են, որ ավելի լավ է բարձր արժեքով օտարեն, որովհետև այդ գումարը մտնում է համայնքի բյուջե, որով կկարողանան վերանորոգել մանկապարտեզները, մշակույթի տները, ճանապարհները: Համայնքների հնարավորությունները մեծ են, և գրագետ մոտեցում ցուցաբերելու դեպքում զարգացման մեծ հեռանկարներ կբացվեն:
-Օրակարգում է համայնքների խոշորացման ծրագիրը: Ձեր կարծիքն այդ գործընթացի վերաբերյալ:
-Խոշորացումն անխուսափելի է, և այն միանշանակ պետք է լինի: Բայց դրա համար ժամանակ է պահանջվում: Համայնքների խոշորացման դեպքում աշխատանքներն ավելի արդյունավետ և հասցեական կլինեն: Ըստ իս, այս ծրագիրը սկսելիս պետք է նաև շահագրգռել մարդկանց: Համայնքները միացնելով` այնտեղ կարող ենք մի լավ դպրոց, մարզահրապարակ կամ մշակույթի տուն կառուցել, որպեսզի գյուղացիները տեսնեն` համախմբվելու դեպքում պետությունն իրենց անուշադրության չի մատնում, հոգում է և կհոգա իրենց խնդիրները: Յուրաքանչյուր գործընթացի համար պետք է օրինակ ծառայել: Մինչև մեր աչքով չտեսնենք արված գործը, չենք կարող համոզվել դրա արդյունավետության մեջ:
Հարցազրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2494

Մեկնաբանություններ